COMMUNITY ACTION GLOBAL IMPACT

ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ

23.09.2022

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կանաչ էներգիայի  և էներգաարդյունավետ լուծումների ներդրմանը՝ բարձրացնելու էնէրգետիկ անվտանգությունը և կլիմայական դիմակայունությունը սոցիալական բարձր խոցելիություն ունեցող համայնքներում:

 

Նախապատմություն 

Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով 2022 թվականի սեպտեմբերին զինված հակամարտության սրման հետևանքով բնակչության մի հատված տեղահանվել է, զգալի վնասներ են հասցվել համայնքային տներին և ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, գազատարներին, ոռոգման համակարգերին, վարչական և հասարակական շենքերին, ճանապարհներին և այլն: Ճգնաժամից տուժած համայնքների բնակչությունը, որն ապավինում է հիմնականում սեփական գյուղմթերքին, կրել է վարելահողերի և արոտավայրերի, ինչպես նաև բերքի կորուստ՝ առաջացնելով ռիսկեր իրենց կենսապահովմանը և ավելացնելով միգրացիային: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հաճախակի ընդհատումների արդյունքում ավելանում են ճնշումներ առանց այն էլ սահմանափակ անտառային ռեսուրսների վրա, որոնք վտանգված են նաև կրակոցներով պայմանավորված անտառային հրդեհներով: Իրավիճակը մասնավորապես ազդել է սահմանամերձ համայնքների կանանց և երեխաների կյանքի վրա, ինչը հանգեցրել է հիմնական սոցիալական ծառայությունների, սննդի և ոչ պարենային ապրանքների լուրջ պակասին՝ ազդելով հոգեկան առողջության և անվտանգության զգացողության վրա:

Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային եղանակը, որը կմեծացնի պահանջվող էներգիայի բավարարման բեռը և կավելացնի կոմունալ ծախսերը ճգնաժամի հետևանքով տուժած համայնքներում: Ջեռուցումը, տաք ջրամատակարարումը, բավարար սանիտարական պայմանները և հիգիենայի բարելավումը առաջիկա (ցուրտ) ամիսներին կենսական նշանակություն կունենան սոցիալապես անապահով բնակչության համար, որոնք ունեն սահմանափակ կարողություններ` օգտագործելու կանաչ էներգիայի աղբյուրները: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի աճող պահանջարկի աճին, ինչը կարող է բացասաբար ազդել հատկապես անտառներին հարակից համայնքների վրա:

 

Ճանաչելով էներգիայի հասանելիությունն ու մատչելիությունը որպես հիմնական խնդիր՝ Հայաստանի կառավարությունը էներգաարդյունավետության միջոցառումների հետ մեկտեղ առաջնահերթություն է տալիս ապակենտրոնացված և վերականգնվող էներգիայի արտադրության երկարատև և կայուն լուծումներին;

Առանց ցածրածխածնային և էներգաարդյունավետ նորարարական լուծումներին անցում կատարելուն ուղղված անհապաղ և անմիջական աջակցության՝ ճգնաժամի հետևանքով տուժած համայնքները կիջնեն աղքատության գծից ներքև, ինչը կսրի և ավելի կխոչընդոտի ճգնաժամից վերականգնվելու հնարավորությունները:

 

Ծրագրի նպատակներ

Հայտերի այս հրավերը նպատակ ունի աջակցելու ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությանը՝ խթանելու հանածո վառելիքից դեպի վերականգնվող էներգիայի փոխակերպմանը Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համայնքներում ցածրածխածնային և էներգաարդյունավետ նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրման միջոցով: Ակնկալվում է, որ համայնքային կարևոր օբյեկտները և ենթակառուցվածքները կլինեն ծրագրի հիմնական ուշադրության կենտրոնում երկարաժամկետ ազդեցություն ապահովելու նպատակով: Դա մեծապես կնպաստի սոցիալ-տնտեսական օգուտների ավելացմանը, վառելափայտի օգտագործման կրճատմանը, կենսապայմանների բարելավմանը և վերականգնվող ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:

 

Նախագծերի համապատասխանելիության չափանիշներ

Առաջարկվող նախագծերը պետք է լինեն համարձակ, նորարարական և վերափոխող, ինչպես նաև ունենան կրկնօրինակման և ընդլայնման ներուժ,

  •  Նախագծերը պետք է ներկայացնեն ցածրածխածնային էներգիայի ազդեցիկ և նորարարական լուծումներ, որոնք հետագայում կիրականացվեն տեղական մակարդակից դուրս,
  •  Նախագծերը պետք է հաշվի առնեն այն համայնքները, որտեղ հանրային շենքերը լայնորեն օգտագործվում են տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնանան այն համայնքների վրա, որտեղ կան կանանց կողմից գլխավորվող մեծ թվով տնային տնտեսություններ:
  •  Նախագծերը պետք է ապահովեն ավելի մեծ ազդեցություն և կապ ստեղծեն իրականացված գործողությունների և գլոբալ բնապահպանական օգուտների միջև` ապահովելով ավելի լայն աշխարհագրական ծածկույթին,
  •  Ծրագրերը պետք է արդյունավետ օգտագործեն տեղական համայնքների ստեղծված կարողությունները հաջող տեխնոլոգիաների և մոտեցումների կրկնօրինակման համար,
  •  Հաջողված նախագծերը պետք է ունենան սոցիալական ներառման ուժեղ բաղադրիչ՝ ներառյալ գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը,
  •  Խրախուսվում է ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ և գործընկերություններ ավելի մեծ ցանցերի հետ (ներառյալ՝ համաֆինանսավորում միջազգային հիմնադրամներից, ՀԿ-ներից և մասնավոր հատվածից):

Նախագծերի ընտրության գործընթացը և հետագա իրականացումը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և ընթացակարգին։ Հայտ կարող են ներկայացնել գրանցված ազգային ՀԿ-ները։  

Բյուջե

Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի` ռազմավարական դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 150,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Հաղթող կազմակերպությանը կառաջարկվի ներկայացնել «կոշտ» և «փափուկ» միջամտությունների համադրություն, որտեղ նվազագույնը 130,000 ԱՄՆ դոլար գումարը  կհատկացվի ներդրումներ կատարելու գնումների, շինարարական նյութերի, սարքավորումների, տեխնիկական փորձագիտության և այլնի համար, և ոչ ավել քան 20,000 ԱՄՆ դոլար՝ ծրագրի առաջընթացը խթանելու համար կազմակերպչական կարողությունների զարգացման, դասընթացների և մոնիթորինգի միջոցով:

Տևողությունը

Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը` ելնելով նախագծի բնույթից:

Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ՓԴԾ հայաստանյան ծրագրի գրասենյակ ներկայացնել ծրագրի հայեցակարգ նախնական գնահատման համար:

Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված երկրում տիրող իրավիճակը, խնդրի հրատապությունը և ֆինանսական միջոցների սղությունը՝ ԳԷՀ ՓԴԾ-ն կապ կհաստատի միայն ընտրված ծրագրերի հետ։

Նախագծերի հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ գրասենյակ՝ [email protected]  հասցեով:

Հայեցակարգերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 3-ը: 

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին