COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
...

Շրջադարձային կետ Վահանի կյանքում․ հաջողված պատմություն

12.09.2023

Վահանը Վանաձոր քաղաքից է, իր ընտանիքի միակ աշխատող ուժը։ Ապրում է տատիկի ու ծնողների հետ, ովքեր ունեն առողջական խնդիրներ։ Լինելով ցմահ կրթության ջատագով՝ Վահանը հասկանում էր, որ միայն ուսումնական միջոցառումներին մասնակցելը բավարար չէ, հարկավոր է կարդալ լրացուցիչ գրականություն առարկային համապարփակ ծանոթանալու համար։ 2020թ․ Վահանը շատ համեստ աշխատավարձով աշխատում էր «Դասավանդի՛ր Հայաստան» կազմակերպությունում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Իր հասակակակիցներից շատերի նման Վահանը մտադրություն ուներ մեկնել արտագնա աշխատանքի ավելի շատ գումար վաստակելու և ընտանիքի սոցիալական կարիքները արտերկրից հոգալու մասին։ Գիտեր, որ ուսուցչի պահանջարկը բարձր է Չինաստանում, ստացել էր նաև առաջարկ։ Այդ ժամանակ նա պետք է կայացներ կարևոր ու դժվար որոշում՝ իր համար գուցե ամենաանցանկալին․ լքել հայրենիքն ու շատերի նման օտարացած ապրել ու գումար վաստակել։

2020թ․ ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի շնորհիվ Վահանի կյանքում նոր շրջադարձ տեղի ունեցավ։ Լինելով ծրագրի շահառու քոլեջի լավագույն շրջանավարտներից մեկը՝ Վահանը հրավիրվել էր մասնակցելու արևային կայանների տեղադրման ու սպասարկման վերաբերյալ դասընթացներին․

«Անկեղծ ասած՝ ես գաղափար չունեի ու երբևէ չէի լսել արևային համակարգերի գործածության մասին, չգիտեի, որ կարելի է մասնագիտանալ այդ ոլորտում։ Ինձ նման շատերը կային իմ շրջապատում։ Շատ երիտասարդ տղաներ բանակից զորացրվելուց հետո այլևս չեն ձգտում կրթություն ստանալ, քանի որ գիտեն, որ այդ ստացած կրթությամբ չեն կարողանա իրենց համայնքում գտնել աշխատանք կամ կիրառել ստացած հմտություններն ու գիտելիքն աշխատանքում։ Այդ իսկ պատճառով, շատերը ձգտում են մեկնել արտագնա աշխատանքի»։

Վահանը պատմում է, որ ինքը հաճույքով էր մասնակցում դասերին, քանի որ նյութը մատուցվում էր մատչելի ու գործնական պարապմունքներով, իրենց բացատրվում էր ծրագրի բոլոր նրբությունները։ Դասապատրաստումներն անցկացվում էին Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, որն իրականացրել է 4 պիլոտային ծրագիր Ազնվաձոր, Գարգառ, Լեռնավան և Վանաձոր համայնքներում։ Բոլոր պիլոտային ծրագրերին Վահանն ունեցել է ակտիվ մասնակցություն արևային վահանների տեղադրման ու սպասարկման հարցում, նաև օգնել է թիմակիցներին՝ կիսվելով իր գիտելիքներով ու ձևավորված փորձով։

«Ծրագրի ընթացքում ինձ տրամադրված գիտելիքները եղել են բավարար, սակայն ես մշտապես փորձել եմ ինքնակրթվել ու լրացուչիչ գրականություն ուսումնասիրել։ Նաև իմ լրացուցիչ գիտելիքներով կիսվել եմ թիմակիցներիս հետ։ Ինձ դուր է եկել տեղադրման ընթացքը, ոլորտը, ես հաճույքով եմ մասնակցել դասերին, քանի որ ձեռք եմ բերել նոր թիմակիցներ ու ինձ համար բացահայտել նոր մասնագիտացում»։

Շատերը Վանաձորում ու հարակից համայնքներում գաղափար չունեին, թե ինչպես կարելի է այդ մասնագիտացմամբ աշխատանք գտնել, գումար վաստակել՝ չմտածելով արտագաղթի մասին։ Վահանն իր օրինակով առաջիններից մեկը եղավ, ով անցավ աշխատանքի ծրագրի ընթացքում ստացած հմտությամբ ու գիտելիքներով արևային վահանների մասնագիտացված ընկերությունում։

Նրա կարիերայի ընթացքը ցույց տվեց, որ ՓԴԾ-ի ծրագրի շրջանակներում իրականացված վերապատրաստումները հող են նախապատրաստել արհեստավարժ ու հմուտ մարդկային ռեսուրսներ զարգացնելու համար։

«Ես իմ կարիերան սկսել եմ փորձնակից Շտիգեն ընկերությունում, որի հարցում քոլեջի ղեկավարությունը ևս դերակատարում է ունեցել՝ տրամադրելով դրական կարծիք իմ մասին։ Ես մեծ հաճույք եմ ստացել իմ աշխատանքից ու գործնականում կիրառել այն ամենը, ինչ սովորել եմ քոլեջում։ Ինձ շատ է օգնում նաև դասագիրքը, որտեղ կարողանում եմ գտնել ինձ հուզող հարցերի պատասխանները»։

Այսօր Վահանը հանդիսանում է Շտիգեն ընկերության լավագույն աշխատողներից մեկը՝ համակարգելով արևային համակարգերի տեղադրումն ու սպասարկումը Լոռու և Տավուշի մարզերում։ Իր նվիրվածության ու թիմին սովորեցնելու անդադար մղումը Վահանին բերել է ճանաչում ընկերության ղեկավարության կողմից։ Այժմ Վահանը իր գիտելիքներն է փոխանցում 10 հոգուց բաղկացած իր թիմին, ովքեր նախկինում ևս չէին պատկերացնում, որ հնարավոր է իրենց ընտանիքներին օգնել հաղթահարել սոցիալական դժվարությունները մի մասնագիտացմամբ, որը գնալով ավելի մեծ պահանջարկ է ստանում հատկապես մարզերում։ Բացի երիտասարդներից, այս մասնագիտացումը հետաքրքրություն է առաջացրել նաև համայնքի ավելի հասուն տղամարդկանց մոտ, ովքեր ավանդաբար մեկնել են արտագնա աշխատանքի, իսկ այժմ սովորելով այդ մասնագիտացումը, կարողանում են աշխատել, ապրել և իրենց ընտանիքների հետ միասին օգտակար լինել իրենց համայնքին՝ չընտրելով միջհամայնքային կամ արտերկրյա աշխատանքային արտագաղթը։

«Ես ամեն օր նոր բան եմ սովորում իմ աշխատանքում, հաճույքով եմ աշխատում, քանի որ գիտեմ, թե սա որքան կարևոր է բնության պահպանման ու մարդկանց պայմանների բարելավման համար։ Նախկինում համայնքներում մարդիկ չգիտեին ինչպես ջեռուցել իրենց տները, գազ չկար, իսկ հոսանքն էլ բավարար չէր։ Այսօր մեծանում է արևային էներգիայով իրենց տները ջեռուցող մարդկանց քանակը։ Ես և իմ թիմը միշտ պատրաստ ենք նրանց օգնել ու կրթել, որպեսզի ավելի շատ օգուտներ քաղեն՝ չվնասելով բնությունը»։ 

Text, letter

Description automatically generatedԻր համբերատար աշխատանքի շնորհիվ ընկերությունը շնորհակալագիր է տրամադրել Վահանին որակյալ աշխատանքի ու բարձր մասնագիտական հմտությունների համար։ Այսպիսով, ՓԴԾ-ի դրամաշնորհը՝ ի դեմս Վահանի, շատ երիտասարդների համար բացահայտեց բնության հետ համահունչ աշխատելու և եկամուտ ստանալու նոր հնարավորություն, որով նրանք կարող են վաստակել մրցունակ ու ինքնաբավ աշխատանք իրենց իսկ երկրում և իրենց ընտանիքների հետ միասին։

«Եթե նախկինում ես հստակ որոշել էի իմ կյանքը շարունակել՝ դասավանդելով Չինաստանում, ապա այս պահին երկրից գնալու մտադրություն ընդհանրապես չունեմ։ Սա զարգացող ու շատ հետաքրքիր ոլորտ է, և ես դեռ անելիքներ ունեմ իմ համայնքին ու երկրին պիտանի լինելու համար»,­- Վահան Թադևոսյան, Վանաձոր, 29 տարեկան։

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին