Բնության հետ ներդաշնակ․ կենսաբազմազանության շաբաթը Հայաստանում
Ս․թ․ մայիսի 21-ին Վանաձորի «Բու սրճարանում» տեղի ունեցավ ՄԱԶԾ Հայաստանի կենսաբազմազանության ֆինանսավորման պլան (BIOFIN) ծրագրի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ համակարգմամբ կազմակերպված միջոցառումը՝ «Միավորված՝ հանուն բնության․ միջազգային համագործակցության օր» խորագրի ներքո։ Միջոցառմանը մասնակցում էին պետական համապատասխան գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ներկայացուցիչներ՝ քաղհասարակության և գիտական համայնքից և ոլորտով հետաքրքրված այլ հյուրեր։
Միջոցառումը մեկնարկեց ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում կառուցված «Բու սրճարան» էկոտուրիստական ենթակառուցվածքի բացմամբ, որից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրի իրականացման պատմությանը, շրջայց կատարել հեծանվային հրապարակով և մասնակցել նախապես հայտարարված անտառային արշավին։
Միջոցառման հիմնական նպատակն էր տեղական լուծման միջոցով ցույց տալ, թե ինչպես կարելի է համատեղել գործարարությունը բնության հետ ներդաշնակեցմամբ։ Միջոցառման հյուրերին տպավորեց նաև առաջին անգամ նման մասշտաբի նախաձեռնության հիմքում երիտասարդ կին ձեռներեցի տեսլականը, ով, տարիներ առաջ Երևանից տեղափոխվելով Վանաձոր, որոշեց, որ հնարավոր է լեռնահեծանվային սպորտը դարձնել Հայաստանում կենսակերպ, որը գրավիչ է նաև օտարերկրյա հյուրերի համար, ինչպես նաև հնարավորություն տվեց բարձրաձայնել վտանգված կենդանատեսակների մասին, ինչպիսին է հենց բուն, որի խորհրդանշով էլ կառուցվել է ամբողջ բիզնես գաղափարը։
Կենսաբազմազանության շաբաթվա համատեքստում այս միջոցառումը իր գաղափարային շեշտադրումով յուրահատուկ էր՝ թե՛ գործնական ակտիվություններով, թե՛ բազմոլորտ շփումների հարթակի ստեղծմամբ և թե՛ նմանատիպ պատմությունները հանրահայտ դարձնելու ջանքերով։
Միջոցառման լուսաբանումը կարող եք դիտել այստեղ։
Բաժանորդագրվեք մեր նորություններին