ՓԴԾ-ի նախաձեռնությունները ներկայացվել են միջազգային կոնֆերանսի ընթացքում
Սույն թվականի ապրիլի 2-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի կողմից կազմակերպված «Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանս Հայաստան» խորագրով միջոցառումը, որը միտված էր կանաչ գյուղատնտեսության ոլորտում նորարարական և հետազոտությունների արդյունքների հիման վրա զարգացման խթանմանը։
Փոքր դրամաշնորհների ծրագիրը, լինելով կանաչ գյուղատնտեսության ոլորտում նորարական գործելակերպերի իրականացման առաջամարտիկներից մեկը, ևս հանդես եկավ տարբեր տարիներին իրականացրած փորձարարական և ցուցադրական նախաձեռնությունների արդյունքների ներկայացմամբ։ Մասնավորապես, ՓԴԾ-ի դրամաշնորհառուները պաստառային ներկայացման փուլի ընթացքում միջոցառման հյուրերին ցուցադրեցին իրենց ծրագրային ձեռքբերումները, կիսվեցին փորձով, քաղված դասերով և քննարկեցին նաև ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։
Այսպիսով, միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ-ի կողմից վերջին տասնամյակում ֆինանսավորված այն ծրագրերը, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել Հայաստանում կայուն զարգացման և կանաչ գյուղատնտեսության խթանման գործում։ Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում իրականացված կենսավառելիքի կիրառության, հողի և ջրի արդյունավետ կառավարման, ինտենսիվ այգեգործության փորձարարական և ցուցադրական ծրագրերը ներկայացրած դրամաշնորհառուները ևս մեկ անգամ շեշտեցին նորարական ծրագրերի կարևորությունը՝ որպես պիլոտային նախաձեռնություն, որի արդյունքները կարող են նպաստել Հայաստանի ամբողջ տարածքով ընդլայնմանն ու կրկնօրինակմանը։
Բաժանորդագրվեք մեր նորություններին