• Ինտենսիվ այգի Սպիտակում
  • Արևային համակարգեր Գյումրիի մանկատանը
  • Բերդի կանանց կողմից պատրաստված արտադրանքը վայրի պտուղներից

GEFUNDP

community action global impact

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ


Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) համախմբում է 181 երկրներ և համագործակցում միջազգային հաստատությունների, ՀԿ-ների և մասնավոր սեկտորի հետ: ԳԷՀ-ի նպատակն է հասցեագրել գլոբալ բնապահպանական խնդիրները, միևնույն ժամանակ աջակցելով կայուն զարգացման ազգային նախաձեռնություններին:

ԳԷՀ-ը հիմնադրվել է 1991 թվականին որպես անկախ ֆինանսական մեխանիզմ նպաստելու՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային, ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի և Կայուն օրգանական աղտոտիչների մասին ստոքհոլմյան կոնվենցիաների ներքո երկրների ստանձնած պարտավորությունների կատարմանը:

ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) մեկնարկել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանիերոյի Համաշխարհային գագաթաժողովի արդյունքում: ՓԴԾ-ն ֆինանսավորվում է ԳԷՀ-ի կողմից որպես կորպորատիվ ծրագիր և այն իրականացնում է ՄԱԶԾ-ն՝ ԳԷՀ գործընկերության անունից, իսկ գործադրումը հանձնարարված է ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրանսենյակին (UNOPS):

ՓԴԾ-ի նպատակն է ապահովել գլոբալ բնապահպանական օգուտներ համայնքային մոտեցումների միջոցով ԳԷՀ-ի կիզակետային ոլորտներում՝ կենսաբազմազանության պահպանություն, կլիմայի փոփոխության մեղմում, միջազգային ջրերի պահպանություն, հողերի դեգրադացիայի կանխարգելում և կայուն օրգանական աղտոտիչների վերացում:

ԳԷՀ ՓԴԾ-ն հիմնականում ապակենտրոնացված է, բխում է երկրի կարիքներից և իրականացվում է ժողովրդավարական և թափանցիկ եղանակով` համակարգվելով ՓԴԾ Ազգային համակարգողի կողմից: ԳԷՀ ՓԴԾ դրամաշնորհները հատկացվում են Ազգային ղեկավար կոմիտեի որոշումների հիման վրա` ուղղորդվելով Ազգային ծրագրի ռազմավարության դրույթներով և երկրի բնապահպանական և զարգացման գերակայություններով: Ազգային ղեկավար կոմիտեի անդամներն են կառավարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության՝ՀԿ-ների, քաղաքացիական կազմակերպությունների, գիտության և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, որում գերակշիռ մաս են կազմում ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչները:

Ներկայումս, 126 երկիր է մասնակցում ԳԷՀ ՓԴԾ-ին աշխարհի հինգ տարածաշրջաններում՝ Աֆրիկա, Ասիա/Խաղաղօվկիանոսյան, Արաբական երկրներ, Եվրոպա/ԱՊՀ և Լատինական Ամերիկա/Կարիբյան տարածաշրջան:

_________________________________________________________________________________________________

Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ-ն պաշտոնապես մեկնարկել է 2008թ. նոյեմբերին՝ Ազգային համակարգողի նշանակմամբ: 2009թ. մայիսին մշակվել և հաստատվել են Ազգային ծրագրի ռազմավարությունը և աշխատանքային շրջանակները: Ներկա գործառնական փուլում (2015-2018թթ.) ազգային ծրագիրը ընդգրկում է ԳԷՀ հետևյալ առանցքային որոտները`

  • Կենսաբազմազանության պահպանություն և կայուն օգտագործում
  • Պայքար հողերի դեգրադացիայի դեմ
  • Կլիմայի փոփոխության մեղմում
  • Միջազգային ջրերի պահպանություն
  • Կայուն օրգանական աղտոտիչների և այլ վնասակար քիմիկատների վերացում:


ՓԴԾ-Հայաստանը ընդունում է դրամաշնորհային հայտեր բացառապես գրանցված ազգային ՀԿ-ներից, որոնք չունեն օտարերկյա հիմնադիրներ, պարբերաբար` ողջ տարվա ընթացքում: Տրամադրվող դրամաշնորհների առավելագույն չափը կազմում է 50,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: ԳԷՀ ՓԴԾ-ն ծրագրային նախագծին չի հատկացնում հիմնական ֆինանսավորում, այլ աջակցում է մրցույթին դիմող կազմակերպություններին` հատկացնելով լրացուցիչ, հավելյալ ֆինանսավորում: ԳԷՀ-ի հիմնական պահանջն է նախագծերի համաֆինանսավորման ապահովումը 1:1 հարաբերակցությամբ` դրամային և ոչ դրամային (աշխատանք, սարքավորումների օգտագործում, նյութեր և այլն) ներդրումների հավասար մասնաբաժնով:

Նախագծային առաջարկների որակի ապահովման նպատակով, ԳԷՀ ՓԴԾ-ի աշխատակազմը և Ծրագրի ազգային ղեկավար կոմիտեն առաջարկների ձևակերպման փուլում տրամադրում են մասնագիտական և փորձագիտական խորհրդատվություն:

Նախագծերի դիմումները պետք է ավարտուն տեսքով և կից ուղեկցող նամակով ներկայացվեն Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգողին: Դիմումների փաթեթները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` Ազգային համակարգողի էլեկտրոնային փոստի հասցեով (svetlana.harutyunyan@undp.org) և/կամ տպագրված տարբերակով ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցներին (Պ. Ադամյան 14)՝ Ազգային համակարգողին փոխանցելու համար: